Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում այն մասին, որ արդեն խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի հետ, որքան շատ է Նիկոլն Ալեն Սիմոնյանի շուրթերով կողմ արտահայտվում ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, որքան մեծ էնտուզիազմով է Նիկոլը Տավուշի մարզպետի շուրթերով հայտարարում, որ այդ մարզում ադրբեջանական հողեր կան և պետք է վերադարձվեն, այնքան ավելի է բացվում Ալիևի ախորժակը։
Ալիևն արդեն հասել է Սևանին։ Մեր լճին ադրբեջանական անվանում տալով՝ հայտարարում է, որ այն պատմականորեն իրենցն է եղել։
Եթե այս ամենին ավելացնենք այն, որ Ալիևը Հայաստանը համարում է «արևմտյան Ադրբեջան», ապա պատկերն ամբողջական կդառնա։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ալիևը պայթեցնում Նիկոլի՝ Հայաստանում փչած փուչիկը «խաղաղության» մասին։ Չէ՞ որ Նիկոլը բավարարում է իրենց բոլոր պահանջները։ Չէ՞ որ Նիկոլի «4-րդ հանրապետությունը» հենց «արևմտյան Ադրբեջանն» է, և Բաքվում դա լավ գիտեն։
Նիկոլն ընդամենը ժամանակ է խնդրում Բաքվից ու Անկարայից, որպեսզի իրեն աջակցեն, ինքը 2026-ին վերարտադրվի և հետո անցնի գործի։ Էրդողանը համաձայն է դրա հետ, Ալիևը՝ ոչ։ Ալիևը չի ուզում ժամանակ ձգել ու «ֆոռա» տալ Նիկոլին, քանզի (թող զարմանալի չթվա) շատ ավելի լավ կարծիքի է հայ ժողովրդի մասին, քան՝ Նիկոլը և Էրդողանը։
Նիկոլը համոզված է, որ եթե Ալիևը իրեն թուղթ տա, ապա ինքը խաբելու է հայ ժողովրդին «խաղաղության» այդ թղթով ու գնալու է իշխանավարման 3-րդ ժամկետի։ Դրանից հետո Նիկոլը կբավարարի Ալիևի ու Էրդողանի բոլոր ցանկությունները։ Էրդողանն այդ պլանին հավատում ու աջակցում է։ Ալիևը հակառակ կարծիքի է։ Նա չի հավատում, որ Նիկոլը կարող է վերարտադրվել։ Դրա համար էլ շտապում է, ճնշում է Նիկոլին, որպեսզի վերջինս արագացնի իրենց պայմանավորված միջանցքի հանձնման աշխատանքները։
Նիկոլի ասածը Թուրքիային ու Ադրբեջանին, ըստ էության, հետևյալն է․ «Եկեք օգնեք աթոռս պահեմ, հետո Հայաստանը հանձնեմ այնպես, ինչպես Արցախը հանձնեցի 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո»։ Ալիևը ցույց է տալիս, որ չի հավատում խորհրդարանական ընտրություններում Նիկոլի հաղթանակին։ Դրա համար էլ սեղմում է նրան, որ հիմա ստանա իր ուզածը։
Ալիևը նաև չի հավատում Էրդողանի պլանին, ըստ որի՝ կարելի է Հայաստանը Նիկոլի ձեռքերով կամաց-կամաց գրավել։ Ալիևի ու Էրդողանի վեճը նաև դրա շուրջ է։
Ալիևը համոզված է, որ Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալու Թուրքիային գրավել Հայաստանը, հետևաբար՝ պետք է Նիկոլից հիմա ստանալ այն, ինչ հնարավոր է ու հետագայում փորձել բանակցել Հայաստանի հաջորդ իշխանության հետ ինչ-որ կոմպրոմիսի շուրջ։
Փաստորեն, Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, անկեղծ է հայ ժողովրդի հետ ու չի թաքցնում, որ ուզում է գրավել մեր երկիրը կամ առնվազն «Զանգեզուրի միջանցք» պոկել։ Սևանի թեման հենց միջանցքի համար է։ Համ էլ՝ Ալիևի ախորժակն ուտելիս է բացվել։
Հայ ժողովուրդն առայժմ գործոն է ու կարող է վիճակ փոխել՝ մերժելով ՔՊԿ-ին ու դրան կցվածներին։
Անդրանիկ Թևանյան